Անտուն տարեց կինը գիշերում է փողոցում. ինչ են ասում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից. ՀԺ

Անտուն տարեց կինը գիշերում է փողոցում. ինչ են ասում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից. ՀԺ

Մի քանի օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շրջանառվում է տարեց մի կնոջ լուսանկար՝ կից գրառմամբ, որ վերջինս անօգնական ու անտուն է, գիշերում է փողոցում: Օգտատերը, որը տատիկի լուսանկարը տեղադրել ու հանրայնացրել է խնդիրը, գրում է, որ նա նախկինում Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցի հասցեներից մեկում է բնակվել, սակայն անհայտ պատճառներով վերջինիս տնից հանել են։

«Ոստիկանություն զանգել եմ, խնդրել՝ տեղավորեն տատիկին, ասել են՝ տեղյակ են, բայց տատիկը չի ուզում իրանց տարածքը սպասարկող բաժին գնա, դիմում գրի, հո չեն պարտադրելու։ Կարծում եմ՝ տատիկն ուղղակի վախենում է»,- գրել է օգտատերը:

Այսօր «Հայկական ժամանակ»-ը այցելել է նշված՝ Տիգրան Մեծ 18 հասցե, սակայն մեր այցելության պահին տատիկն այդ տարածքում չէր, հարցուփորձ անելուց հետո պարզվեց, որ նրան այդ հատվածի որոշ բնակիչներ արդեն ճանաչում են, հաճախ են տարեց կնոջը տեղանքում տեսնում: Առեւտրի կենտրոնի տարածքում աշխատող մաքրուհիներից Ս.-ի խոսքով՝ տատիկը, մի քանի տոպրակ ձեռքին, նստարանից նստարան է տեղափոխվում: «Արդեն մեկ ամիս երեւի կլինի՝ միշտ տեսնում եմ, բայց այսօր չեմ տեսել: Անցորդները կոպեկներ են տալիս, ուտելիք»,- ասում է զրուցակիցը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանի խոսքով՝ ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության սոցաշխատողները, Անօթեւանների կացարանի աշխատակիցները՝ հոգեբան, բուժաշխատող, այցելել են կնոջը:

Մանուչարյանի հավաստմամբ՝ տատիկին առաջարկվել է տեղափոխվել խնամքի հաստատություն կամ կացարան: «Երկու օր է՝ նույն աշխատանքները տարվում են, բայց կինը հրաժարվում է տեղափոխվել: Առանց իր համաձայնության, բնականաբար, չենք կարող տեղափոխումն ապահովել»,- ասում է նա:

Նախարարի մամուլի քարտուղարը նշում է, որ ՄՍԾ սոցաշխատողները այսօր նաեւ այցելելու են կնոջ բնակության հասցե, որտեղ կփորձեն զրուցել վերջինիս հարազատների հետ. «Ամեն դեպքում, նախարարությունը պատրաստակամ է զբաղվել կնոջ խնամքով, ապահովել նրան կացարանով: Հուսանք՝ կկարողանանք հնարավորինս շուտ կազմակերպել այդ գործընթացը»: