Եվրոպան այս ձմռանը բնական գազի մատակարարումների առումով «աննախադեպ ռիսկերի» կբախվի․ ՄԷԳ

Եվրոպան այս ձմռանը բնական գազի մատակարարումների առումով «աննախադեպ ռիսկերի» կբախվի․ ՄԷԳ

Եվրոպան այս ձմռանը բնական գազի մատակարարումների առումով «աննախադեպ ռիսկերի» կբախվի։ Այս մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում․ հայտնում է AP-ն։

Նշվում է, որ Եվրամիության երկրները ստիպված կլինեն ձմռանը 13 տոկոսով կրճատել գազի սպառումը՝ Ռուսաստանից մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում։ Այս կրճատման մեծ մասը պետք է կապված լինի սպառողների վարքագծի հետ, ինչպիսիք են թերմոստատների ջերմաստիճանի իջեցումը 1 աստիճանով եւ ջերմաստիճանի կարգավորումը, ինչպես նաեւ անհրաժեշտ է կոնսերվացնել արդյունաբերական եւ կոմունալ հաստատությունները։

Զեկույցում, որպես եւս մեկ վտանգ, նշվում է ձմռան վերջին կտրուկ ցրտելը: ԵՄ-ն արդեն 88 տոկոսով լրացրել է պահոցները։ ՄԷԳ-ը ենթադրել է, որ 90 տոկոս կպահանջվի Ռուսաստանից մատակարարումների դադարեցման սցենարի դեպքում:

Եվրոպայում ձեռնարկություններն արդեն իսկ կրճատել են բնական գազի օգտագործումը, երբեմն պարզապես հրաժարվելով էներգատար գործունեությունից, ինչպիսիք են պողպատի եւ պարարտանյութերի արտադրությունը, մինչդեռ փոքր բիզնեսները, ինչպիսիք են փռերը, լուրջ կրճատումներ են անում իրենց ծախսերում:

Գազի բարձր գները, որոնք օգտագործվում է տները տաքացնելու, էլեկտրաէներգիա արտադրելու եւ մի շարք արդյունաբերական գործընթացների համար, հանգեցրել են եվրոգոտու 19 երկրներում պառողական 10 տոկոս գնաճի, եւ այնքան են թուլացրել սպառողների գնողունակությունը, որ տնտեսագետներն անկում են կանխատեսում այս տարվա վերջին եւ հաջորդի սկզբին:

Եվրոպական կառավարությունները եւ կոմունալ ընկերությունները լրացրել են Ռուսաստանի գազի դեֆիցիտի զգալի մասը՝ գնելով հեղուկ բնական գազի թանկարժեք պաշարներ (ՀԲԳ), որոնք առաքվում են ծովով այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Կատարը, եւ ավելացնելով մատակարարումները Նորվեգիայից ու Ադրբեջանից խողովակաշարերով:

Նպատակն է թույլ չտալ, որ պահեստավորման մակարդակն այնքան իջնի, որ իշխանությունները ստիպված լինեն նորմավորել գազը ձեռնարկությունների համար: Ըստ ՄԷԳ-ի, անվտանգ ձմռան համար գազի պաշարները պետք է մնան 33 տոկոսից բարձր, մինչդեռ դրանից ցածր մակարդակները կարող են հանգեցնել գազի պակասի ուշ ցրտահարության դեպքում:

Ավելի ցածր մակարդակները նաեւ Եվրոպայի համար կդժվարացնեն հաջորդ ամառ պահեստները համալրելը, մինչդեռ ավելի մեծ պահուստները կօգնեն նվազեցնել չափազանց բարձր գները:

Հեղուկ գազի պահանջարկը հանգեցրել է գների աճի եւ առաջարկի կրճատման այն աստիճան, որ աղքատ ասիական երկրները չեն կարող իրենց դա թույլ տալ: Բանգլադեշում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունենում, մինչդեռ Պակիստանում, ի լրումն շարունակական հովհարային անջատումների, խանութներն ու գործարանները կրճատել են աշխատանքային ժամերը՝ էներգիա խնայելու համար:

Եվրոպայում գազի ճգնաժամը նաեւ զրկել է ասիական երկրներին սահմանափակ թվով լողացող վերագազիֆիկացման տերմինալներից, որոնք, ինչպես ենթադրվում էր, պետք է կարեւոր դեր խաղային հարավարեւելյան Ասիա ՀԲԳ-ի ներմուծման հարցում։