Իշխանասարում Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված Զորիկ Մարգարյանը միակողմանի ծնողազուրկ էր

Իշխանասարում Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված Զորիկ Մարգարյանը միակողմանի ծնողազուրկ էր

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանը։

19-ամյա Զորիկը Վայոց ձորի Գլաձոր բնակավայրից էր։ Նա բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, ծառայում էր Գորիսում։

«Զորիկը զոհվել է Իշխանասարի դիրքերում ռմբակոծության հետեւանքով։ Ըստ մեր տեղեկությունների՝ սեպտեմբերի 13-ին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Սամվել Օրդոյանը։

Զորիկ Մարգարյանը ուներ մեկ քույր եւ եղբայր։ Նա միակողմանի ծնողազուրկ էր․ հայրը մահացել էր տարիներ առաջ։

Նա հուղարկավորվել է այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Գլաձորում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։